Շոգ եղանակի ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա
Բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը:
Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է վտանգավոր լինել դեպի սիրտ և այլ կենսական կարևոր օրգաններ արյան հոսքի հնարավոր նվազման պատճառով։ Նախկինում որոշակի խնդիրներ ունեցած անձինք (օրինակ` զարկերակային գերճնշում կամ կորոնար զարկերակների հիվանդություն) բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն: Ախտանիշները կարող են սրվել և մեծացնել սրտային նոպաների հավանականությունը:
Շոգ եղանակին մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:
Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել նախազգուշական միջոցներ.
♦ շոգին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
♦ հնարավորության դեպքում մնալ զով վայրերում,
♦ լրացուցիչ նախազգուշական միջոցների մասին խորհրդակցել բժշկի հետ: